Ըստ նյութի օրիգինալության գրականության աղբյուրները լինում են առաջնային, երկրորդային և երրորդային։ Յուրաքանչյուրի նկարագրությունը տրվում է ստորև․
Առաջնային աղբյուրները ամենաարժեքավորն են և ոչ բոլորի համար հասանելի։ Դրանք են կազմակերպության ներքին փաստաթղթերը, դեռևս չտպագրված հոդվածները, կոնֆերանսների ժամանակ ներկայացված հոդվածները։ Առաջնային գրականության աղբյուրները պարունակում են ամենաթարմ տեղեկատվությունը։ Երբեմն լրատվական կայքերը և անձնական բլոգները նույնպես կարող են առաջնային և թարմ տեղեկատվություն հաղորդել, բայց այն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որքանով է այդ աղբյուրը ճշգրիտ։ Որպես ամփոփում՝ առաջնային գրականության աղբյուրը այն աղբյուրն է, որը պարունակում է ամենաթարմ և երբեմն ներքին ինֆորմացիա, որը սակայն ոչ միշտ և ոչ բոլորին է հասանելի։
Երկրորդային աղբյուրները ավելի հասանելի են հանրության համար։ Այս տեսակի մեջ ե մտնում բոլոր հրապարակված աշխատանքները՝ գրքեր, հոդվածներ, զեկույցներ և այլն։ Այս աղբյուրները ավելի ճշգրիտ են, քանի որ արդեն ստուգված և հրապարակված են և կաղված նաև հրապարակող կազմակերպության հեղինակությունից կարելի է որոշել որքանով են արժանահավատ։ Սակայն ի տարբերություն առաջնային գրականության աղբյուրների, այս դեպքում տեղեկատվությունը պակաս թարմ է։ Օրինակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հետազոտությունների աղբյուրները արդեն մասնագիտական գիտական կոնֆերանսներում քննարկվում են, սակայն մինչև դրանք տպագրելը որոշակի ժամանակ է անցնում, քանի որ արդյունքները պետք է անցնեն ստուգման և ճշգրտման փուլ։
Երրորդային աղբյուրները իրենցից ներկայացնում են երկրորդային աղբյուրները մեկ տեղում հավաքագրող աղբյուրները։ Օրինակ՝ հանրագիտարաններ, կատալոգներ, գիտական պարբերականների դատաբազաներ և այլն։ Այս աղբյուրները օգնում են հետազոտողին կատարել արդյունավետ որոնումներ։ Երրորդային աղբյուրների օրինակներ են Google Scholar-ը, Google Books-ը և Microsoft Academic-ը։