Կազմակերպության ֆինանսական վիճակը շատ կարևոր է կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի վերլուծության տեսակետից։ Հենց ֆինանսական դրությունը վերլուծելով կարելի է արդյունավետ ռազմավարություններ մշակել։ Որպեսզի իրականացվի կազմակերպության ներքին գնահատումը՝ ըստ ֆինանսների, նախ անհրաժեշտ է հաշվարկել հիմնական ֆինանսական գործակիցները, որոնց համեմատության ճանապարհով էլ հետագայում իրականացվելու է վերլուծությունը։
Հիմնական ֆինանսական գործակիցները կարելի է բաժանել 5 տիպի․
1․ Իրացվելիության գործակիցները կազմակերպության կողմից իր կարճաժամկետ պարտավորությունները մարելու ունակությունն է։ Տարբերում են ընթացիկ իրացվելիության, արագ իրացվելիության և կանխիկի իրացվելիության գործակիցներ։
2․ Ֆինանսական լծակի (լեվերիջի) գործակիցները ցույց է տալիս փոխառու միջոցներով ակտիվների ֆինասնավորման աստիճանը։
3․ Գործունեության գնահատման գործակիցները, որոնք ցույց են տալիս թե որքան արդյունավետ է կազմակերպությունը օգտագործում իր ռեսուրսները։
4․ Շահութաբերության ցուցանիշները չափում են կառավարման ընդհանուր արդյունավետությունը՝ ըստ եկամուտների։
5․ Աճի ցուցանիշները չափում են կազմակերպության կայունությունը տնտեսական և ոլորտի աճի պայմաններում։
Ֆինանսական գործակիցների բանաձևերին ծանոթանալու համար այստեղ․
Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը ֆինանսական տեսակետից շատ կարևոր է կազմակերպության ռազմավարությունը ճիշտ ձևակերպելու համար։ Շատ հաճախ կազմակերպությունը կարող է որդեգրել որևէ ռազմավարություն սակայն ֆինանսական տեսակետից սահմանափակված լինելու պատճառով փոխի ռազմավարական ուղղությունը։
Կազմակերպության ֆինանսական ուժեղ և թույլ կողմերը գնահատելու համար օգտագործում ենք հիմնական ֆինանսական գործակիցների վերլուծության մեթոդը։
Ըստ այդ մեթոդի նախ հաշվարկում ենք հիմնական ֆինանսական գործակիցները, որից հետո անհրաժեշտ է վերլուծությունը շարունակել երեք հիմնական ուղղություններով։
Ժամանակի մեջ։ Ինչպես է տվյալ գործակիցը փոփոխվել ժամանակի ընթացքում: Կարևոր է պարզել, թե գործակիցը աճել, նվազել, թե նույնն է մնացել։ Օրինակ՝ 10 տոկոս շահութաբերությունը կարելի է դիտարկել դրական, եթե ժամանակի մեջ այն աճել է և բացասական, եթե տարիներ շարրունակ ավելի բարձր եղել։
Ոլորտի նորմաների հետ համեմատությամբ։ Ինչպես է տվյալ գործակիցը համեմատվում ոլորտի նորմաների հետ։ Շահութաբերության օրինակե եթե դիտակենք, ապա 10 տոկոս շահութաբերությունը կհամարվի լավ ցուցանիշ, եթե ոլորտի նորման 5 է և վատ ցուցանիշ, եթե ոլորտում է նորման 10-ից բարձր է։
Մրցակիցների հետ համեմատությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև մրցակիցների համանման ցուցանիշներին։ Հնարավոր է որ որևէ ֆինանսական ցուցանիշ բարձր լինի ոլորտի նորմաների հետ համեմատությամբ և ցածր լինի գլխավոր մրցակիցների համարժեք ցուցանիշներից։ Այդ դեպքում կազմակերպությունը լրացուցիչ ռազմավարական քայլեր պետք է կատարի մրցակիցների նկատմամբ ևս ցուցանիշների բարելավման ուղղությամբ։