Կազմակերպության մասին
ADACO ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Հայաստանում։
Ընկերության առաքելությունն է արդիական տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնել ներքին և արտաքին արտադրողներին՝ օպտիմալացնելու արտադրական գործընթացները, բարձրացնելու գործընթացների արտադրողականությունը՝ այդպիսով նպաստելով ռեսուրսախնայողության և շահութաբերության բարձր մակարդակի ապահովմանը։
Շրջանաձև տնտեսության մասին
ADACO ընկերությունը իրականացնում է կենսագազի գործարանների նախագծում և կառուցում, բիոգազի սարքավորումների մատակարարում և կայանների տեղադրում Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Իրանում և Վրաստանում։
Գիտականորեն հիմնավորված ուսումնասիրությունների և թափոնների դեմ պայքարի զարգացումների արդյունքում բնական ճանապարհով ֆերմենտացված բիոգազի օգտագործումը դարձավ այլընտրանքային էներգիայի և շատ էֆեկտիվ օրգանական պարարտանյութի ստացման ադիական և ֆինանսապես առավել շահավետ տարբերակներից մեկը։
Բիոգազն արտադրվում է օրգանական թափոններից` լինի դա գոմաղբ կամ այլ արտադրական օրգանական թափոն, մանրէաբանական անաէրոբ քայքայման միջոցով` առաջացնելով գազի խառնուրդ, որը բաղկացած է մեծամասամբ մեթանից (CH4), ածխածնի երկօքսիդից (CO2), ջրածնի ծծմբից (H2S) և տարրերից:
Թափոնների վերամշակման և բիոգազի ստացման հետ զուգահեռ նաև արտադրվում է բյուրեղացված ազոտով հարուստ օրգանական պարարտանյութ, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ միջոց է, քան ներկայումս որպես օրգանական պարարտանյութ օգտագործվող մարած թռչնաղբը կամ գոմաղբը:
Բիոգազն էկոլոգիապես մաքուր և եկամտաբեր արտադրատեսակ է, որը կարող է օգտագործվել էլեկտրաէներգիայի գեներացման, տարածքների և ջրի ջեռուցման համար: Բացի այդ, եթե այն սեղմվի, կարող է դառնալ բիոմեթան և օգտագործվել որպես գազով աշխատող մեքենաների վառելիք:
Բիոգազի ֆերմենտացման կայանի ինտեգրացումը ագրոբիզնեսում կրճատում, նույնիսկ զրոյացնում է ջեռուցման ծախսերը և լուծում է ագրոբիզնեսի թափոնների վերացման և հետագա վերամշակման խնդիրը:
Ի՞նչու է կազմակերպության գործունեությունը համարվում շրջանաձև տնտեսություն
Ինչպես տեսանք կազմակերպությունը իրականացնում է թափոնների վերամշակում (recycle), քանի որ թափոններից նոր նյութեր է ստանում։ Այս դեպքում թափոնը գոմաղբն է կամ ցանկացած օրգանական թափոն, իսկ վերամշակման արդյունքում ստացվում է կենսագազ և պարարտանյութ։ Ի դեպ կազմակերպության կայքում կա նաև հաշվիչ, ինչի միջոցով հնարավոր է հաշվել, թե որքան բիոգազ, պարարտանյութ կամ մեթան է ստացվում որևէ տեսակի օրգանական թափոնի վերամշակումից։
Տեղեկատվության աղբյուրը՝ այստեղ
Օրինակը օգնեց պատրաստել Եվրասիա միջազգային համալսարանի Նախագծերի կառավարում մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Մերի Թումանյանը