Եկեք փորձենք կանխատեսել ինչպե՞ս կբեկվի (disrupt) բիզնեսը COVID-19-ի հետևանքով։ Գիտությունն ասում է, որ 21 օր է պահանջվում հին սովորությունների տարալուծման և նորի ձևավորման համար (Maltz, 1989): Հաշվի առնելով, որ մարդկանց ինքնամեկուսացման և մեկուսացման պրոցեսը շատ ավելի երկար կտևի, կարելի է ենթադրել, որ այս ընթացքում նրանք նոր սովորություններ կձևավորեն, որն էլ կփոխի նրանց պահանջարկի կառուցվածքը, իսկ դա էականորեն կարող է բեկել ավանդական բիզնեսը։ Եկեք թվարկենք մի քանիսը․
Անցում ավանդականից դեպի թվային – Շատ ընտանիքներ առաջին անգամ կօգտվեն օնլայն պատվերների կամ օնլայն սպառման հնարավորությունից (օրինակ՝ սննդի առաքում, ֆինանսական ծառայություններ, կրթական ծառայություններ և այլն), որը հավանական է որ պահպանվի մեկուսացման ավարտից հետո։ Հետևաբար կարելի է ակնկալել, որ առևտուրը և ծառայությունների ոլորտը արագ տեմպերով կանցնի օնլայն հարթակ։ Ավանդական բիզնեսը պետք է մտածի, թե ինչպես վերափոխվի, որպեսզի հարմարվի նոր իրականությանը։ Թվայինը կլինի մեր նոր իրականությունը։
Տնակյաց կյանք- Սպառողները, որոնք տանը մնալու պատճառով խախտել են իրենց ամենօրյա ռեժիմը, հնարավոր է նոր ապրելաոճ ձեռք բերեն։ Օրինակ՝ մարդիկ, որոնք սովոր են գնալ մարզասրահ սկսել են մարզվել տանը, դրսում սնվող մարդիկ եփում են տանը, կրթությունը տեղափոխվել է օնլայն հարթակ, մարդիկ տանից են աշխատում։ Մեկուսացումից հետո մարդկանց մի ստվար մասի մոտ նման վարքագիծը կշարունակվի պահպանվել։ Հետևաբար նոր ապրանքներ և ծառայություններ կստեղծվեն, որոնք կսպասարկեն տանից աշխատող կամ սովորող սպառողին։
Հիգիենայի կանոնների պահպանում։ Ամբողջ աշխարհում տեղի ունեցավ անձնական հիգիենայի կանոնների պահպանման կտրուկ աճ։ Մարդիկ դարձան զգուշավոր և հանրային վայրերի և հանրային օգտագործման իրերի նկատմամբ կցուցաբերեն ավելի խիստ պահանջներ։ Օրինակ կարող են խուսափել հանրային էկրաններ և ստեղնաշարեր օգտագործելուց (բանկոմատներ, վերելակներ): Կարելի է կանխատեսել, որ խոհարարներին և վաճառողներին ավելի արագ տեմպերով կսկսեն փոխարինել ռոբոտները, հանրային ստեղնաշարերը կդառնան անհպում (no-touch) և այլն։