Ինչպես հայտնի է հետազոտություն իրականացնելիս Wikipedia-ն չի համարվում վստահելի աղբյուր, քանի որ այն գիտական չէ, անընդհատ փոփոխվող է և կարող է պարունակել ոչ ճշգրիտ տեղեկատվություն։ Սակայն հետազոտության սկզբնական փուլում այն շատ լավ միջոց է թեմային ավելի լավ ծանոթանալու համար։ Թեման հստակեցնելու համար շատ օգտակար է նաև ընդհանրական www.google.com որոնողական համակարգում թեմայի վերաբերյալ որոնումներ կատարելը: Դա կօգնի հստակեցնել անհրաժեշտ բանալի բառերը՝ ավելի արդյունավետ որոնումները շարունակելու համար։
Արդեն խոսվել է այն մասին որ գրականության աղբյուրները լինում են առաջնային, երկրորդային և երրորդային։ Հետազոտության մեջ մենք ներառում ենք առաջնային և երկրորդային աղբյուրները, սակայն դրանք գտնելու համար մեզ օգնում են այնպիսի երրորդային աղբյուրներ, ինչպիսիք են Google Scholar-ը, Google Books-ը և Microsoft Academic-ը։
Google Scholar-ը և Microsoft Academic-ը գիտական գրականություն որոնելու գործիքններ են։ Այս որոնողական համակարգները հնարավորություն են տալիս փնտրել և գտնել գիտական հաստատությունների, մասնագիտական ասոցիացիաների, համալսարանների և այլ հաստատությունների կողմից հրապարակված գիտական հոդվածներ, թեզեր, մասնագիտական գրքեր, հոդվածների աբստրակտներ և այլն։ Այս գործիքների միջոցով կարելի է գտնել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայալեզու գիտական գրականություն։ Google Books -ի միջոցով կարող եք գտնել մասնագիտական գրքեր, դասագրքեր և այլն։