Վերաբրենդավորումը իրենից բարդ և ծախսատար գործընթաց է ներկայացնում, հետևաբար որպեսզի կազմակերպությունները գնան այդ քայլին, իսկապես հիմնավոր պատճառներ են անհրաժեշտ։ Իսկ ո՞րոնք են այդ պատճառները․ Անընդհատ փոփոխվող գործարար միջավայրը, նոր մրցակիցները, հաճախորդների փոփոխվող նախասիրությունները, նոր տեխնոլոգիաները և շատ այլ գործոններ փոփոխում են շուկան։ Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանում հարմարվել փոփոխվող պայմաններին, ուղղակի դուրս են մղվում շուկայից։ Շատ հաճախ շուկայի փոփոխություններին արձագանքելու լավագույն միջոց է հենց վերաբրենդավորումը։ Հաջող ռեբրենդինգի արդյունքում կազմակերպությունները․
1․ Կարողանում են ներգրավել նոր հաճախորդներ 2․ Տարբերվում են մրցակիցներից 3․ Ցույց են տալիս իրենց հաճախորդներին, որ համաքայլ են գնում շուկայի տրենդներին 4․Արտացոլում են կազմակերպության նոր նպատակները, նոր պրոդուկտները և արժեքները 5․ Ապահովում են ավելի մեծ շահույթ
Վերաբրենդավորումը միայն անվան և լոգոյի փոփոխությունը չէ։ Իրականում այն ավելի մեծ փոփոխություն է իրենից ներկայացնում։ Յուրաքանչյուր բրենդ ունի երկու բաղադրիչ՝ հեղինակություն և տեսանելիություն։ Վերաբրենդավորումը այս երկուսի փոփոխությունն է։
Հեղինակությունը մարդկանց կողմից բրենդի ընկալումն է։ Հեղինակությունը կառուցվում է կազմակերպության անցյալ գործունեության և կազմակերպության հետ հաճախորդների ունեցած փորձառության վրա։ Եթե հաճախորդների փորձը դրական է, ապա բրենդի հեղինակությունը համապատասխանաբար բարձր է հաճախորդների շրջանում։ Կազմակերպությունների հեղինակությունը չափում են հաճախորդների շրջանում հարցումների միջոցով՝ հարցնելով, թե արդյոք նրանք պատրաստակամ են գնել տվյալ բրենդի պրոդուկտը, թե ոչ, արդյոք կցանկանային աշխատել այդ կազմակերպությունում և այն։ Բրենդը համարվում է հեղինակավոր, եթե հարցվողների առնվազն 78%-ը ցանկանում է գնել, իսկ 70%-ը ցանկանում է աշխատել այդ կազմակերպությունում։ 2020թ տվյալներով, ամենահեղինակավոր բրենդերն են համարվել Lego-ն, Walt Disney-ը և Rollex-ը։
Տեսանելիությունը բրենդի մյուս բաղադրիչն է և ցույց է տալիս, թե ինչքանով է բրենդը հիշվող և ճանաչված հաճախորդների շրջանում։ Տեսանելիության ամենաբարձր ցուցանիշները աշխարհում ունեն Nike, Coca-Cola և McDonald’s ընկերությունները։
Աղբյուրներ՝ Cain, T. (2020, March 18). BRAND STRATEGY: THE TOP 5 BENEFITS OF REBRANDING. Corporate Reputation. (2020, Mar 03). Retrieved from Reptrak: https://www.reptrak.com/blog/want-to-stay-relevant-follow-the-lead-of-these-10-companies/ Hinge University. (2018). Rebranding Guide. Hinge. What Is Brand Reputation & How Can It Help Your Business? (2019, December 16). Retrieved from https://www.commsights.com/understanding-brand-reputation-for-businesses/#:~:text=Brand%20reputation%20is%20simply%20how,to%20do%20business%20with%20you. What is Brand Visibility and Why is it Important? (2021, January 8). Retrieved from Inkbot Design: https://inkbotdesign.com/brand-visibility/