Առաջին քայլը հետազոտության թեմայի վերաբերյալ հնարավոր բոլոր նյութերի հավաքագրումն է։ Գրականության վերլուծության որակը մեծապես կախված է նրանից, թե ինչ աղբյուրներից է օգտվում հետազոտողը։ Տարածված աղբյուրներից են․
Դասագրքերը
Դասագրքերը շատ օգտակար աղբյուր են թեմայի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Այդ պատճառով հաճախ դասագրքերը հետազոտողների կողմից օգտագործվում են, որպես ելակետ նախնական գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև թեմային առնչվող հոդվածների մասին տեղեկանալու համար (դասագրքերի վերջում որպես կանոն հեղինակը հղումներ է տալիս այն հոդվածների ցանկին, որից օգտվել է)։ Սակայն միայն դասագրքերով սահմանափակվել նույնպես պետք չէ, քանի որ գրքերում միայն կարող ենք գտնել այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել գրքի հրատարակման պահին։ Ավելի թարմ տեղեկությունները գիտական հոդվածներում են։
Գիտական հանդեսներ (academic journals)
Գիտական հանդեսներում տպագրվում են գիտական հոդվածները, որը ինչպես նշվեց շատ կարևոր աղբյուր են ոլորտի վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու համար։ Այս հոդվածները մինչև տպագրվելը գրախոսվում են (peer-review), ինչը նշանակում է որ ուղարկվում է տվյալ նեղ ոլորտային մասնագետներին՝ էքսպերտային կարծիքի։ Գիտական հանդեսներում կարող եք հանդիպել երկու տիպի հոդվածների․
Ամփոփող հոդվածներ (reviews), որոնք ամփոփում են տվյալ նեղ ոլորտում իրականացված բոլոր հետազոտությունները և ընդհանուր պատկեր են տալիս ոլոտի գիտելիքի մակարդակի մասին։ Այդպիսի հոդվածների օրինակներ կարող եք գտնել այստեղ․
Հետազոտական հոդվածներ, որոնք էմպիրիկ և կոնկրետ խնդրի հետազոտություններն են իրենցից ներկայացնում, սակայն յուրքանաչյուրը նաև պարունակում է գրականության վերլուծության հատված, որտեղ նույնպես տեղ են գտնում ոլորտի գրականության ամփոփումը (ավելի համառոտ):
Թեզեր
Ասպիրանտական (PhD) և մագիստրոսական թեզերը նույնպես կարող են հետաքրքիր աղբյուր լինել հետազոտության համար։ Իհարկե ոչ բոլորն են, որ տպագրվում են գիտական հանդեսներում։
Գիտաժողովների հրապարակումներ
Գիտաժողովներում ներկայացվում են ամենաթարմ հետազոտության արդյունքները, նույնիսկ այնպիսի հետազոտություններ, որոնք դեռևս չեն հրատարակվել։ Սակայն նաև պետք է հաշվի առնել, որ գիտաժողովներում ներկայացվող ոչ բոլոր նյութերն են, որ անցնում են գրախոսություն և ի վերջո տպագրվում են գրախոսվող գիտական հանդեսներում, հետևաբար ոչ բոլորը ճշգրտության բարձր մակարդակ ունեն։ Գիտաժողովների հրապարակումները որպես աղբյուր օգտագործելու առավելությունն այն է, որ այս տեղեկատվությունը համարյա բոլոր դեպքերում բաց է և հեշտ է գտնել։
Զեկույցներ և հաշվետվություններ
Հետազոտություններում շատ հաճախ օգտագործվում են նաև կազմակերպությունների կողմից հրապարակված հաշվետվությունները, կառավարության զեկույցները, համայնքային ռազմավարական պլանները և այլն։ Այսպիսի զեկույցները նույնպես պարունակում են հետազոտական աշխատանք, որի արդյունքներից կարելի է օգտվել սեփական հետազոտությունը կատարելիս։ Հայալեզու զեկույցների և հաշվետվությունների օգտակար հղումներ կարող եք գտնել այստեղ։
Թերթեր և ամսագրեր
Այս աղբյուրները պարունակում ամենաթարմ բիզնես տեղեկատվությունը, սակայն ունեն նաև թերություն՝ ոչ միշտ են օբյեկտիվ ներկայացնում։
Համացանց
Վերը նշված բոլոր աղբյուրները կարելի է փնտրել համացանցում։ Համացանցում կարելի է օգտվել նաև ահռելի քանակությամբ բլոգներից, որտեղ կարող եք գտնել նեղ թեմային վերաբերվող տեղեկատվություն։ Սակայն նախքան ինֆորմացիան օգտագործելը ճիշտ կլինի պարզել կայքի արժանահավատությունը։
Ինչպես տեսնում եք հետաքրքրող թեմային վերաբերող գրականությունը բազմազան է, հետևաբար շատ կարևոր է մասնագիտական գրականությունը փնտրելիս կարողանալ ճիշտ գնահատել այդ աղբյուրները և հավաքագրել միայն որակյալ և թեմային իսկապես համապատասխանող գրականություն։