Հետազոտությունները նախագծվում են ըստ իրենց առաջ դրված նպատակների։ Այդ առումով հետազոտությունները կարող են լինել հետախուզական, նկարագրական և բացատրական։
Հետախուզական հետազոտությունները կատարվում են այն դեպքերում, երբ
- Երևույթը լավ ուսումնասիրված չէ
- Առկա հետազոտությունների արդյունքները հստակ չեն
- Թեման բարդ է
- Թեմայի վերաբերյալ տեսությունը բավարար չափով ձևավորված չէ
Հետախուզական հետազոտությունները հիմնականում իրականացվում են որակական մեթոդներով։ Հետազոտության արդյունքները սովորաբար ընդհանրական չեն և չենք կարող տարածել ողջ պոպուլյացիայի վրա։ Օրինակ՝ Հետախուզական հետազոտություններ են անում այն կազմակերպությունները, որոնք նոր պրոդուկտ են պատրաստվում թողարկել և ցանկանում են իմանալ շուկայի կարծիքը իրենց արտադրանքի մասին։
Նկարագրական տիպի հետազոտությունների նպատակը հետազոտության թեմայի նկարագրությունն է։ Այս տեսակի հետազոտությունը իրականացվում է այն դեպքում, երբ թեմայի ուսումնասիրությունը այնքան խորությամբ արված չէ և երևույթները բավարար չափով նկարագրված չեն։ Սովորաբար նկարագրական հետազոտությունները իրականացվում են քանակական մեթոդների օգնությամբ։
Բացատրական հետազոտությունը ավելի խորն է մոտենում խնդրին և բացի երևույթները նկարագրելուց, նաև վեր է հանում երևույթների միջև կորելացիոն և պատճառահետևանքային կապերը։