Ըստ ԲՈԿ-ի՝ գրագողություն է համարվում ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը և առանց դրանց ստեղծագործական վերամշակման կամ ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման՝ ամբողջ ստեղծագործությունը կամ դրա մասը որպես իրենը ներկայացնելը։ Ինչպես տեսնում ենք այլոց աշխատանքը և մտքերը օգտագործելը թույլատրելի է, սակայն դա հնարավոր է միայն սկզբնաղբյուրին համապատասխան հղումներ տալու եղանակով։ Եթե աշխատանքում հղումները բացակայում են, ապա գործ ունենք գրագողության հետ։
Ընդհանուր առմամբ գրագողության դեպքերը բազմազան են։ Research Methods For Business գրքում առանձնացնում են գրագողության հետևյալ տեսակները․
1․ Հետազոտողը ներկայացնում է մեկ ուրիշի ամբողջական աշխատանքը որպես իր սեփական աշխատանք։ Այս տեսակի գրագողության վառ օրինակ է ուսանողի կողմից համացանցից ներբեռնած աշխատանքը որպես սեփական դիպլոմային աշխատանք ներկայացնելը կամ հետոզոտողի կողմից վճարովի աշխատանք պատվիրելը։ Սա համարվում է գրագողության ամենածանր դեպքը։
2․ Հետազոտողը իր աշխատանքում ներառում էլ այլ հեղինակների կողմից գրված մեծ ծավալի տեքստեր։ Օրինակ՝ երբեմն դիպլոմային աշխատանքների յուրաքանչյուր էջը իրենից ներկայացնում է տարբեր գրքերից վերցված համապատասխան ամբողջական էջեր։ Այսինքն եթե ուսանողը 30 էջ ծավալով աշխատանքում ընդամենը 4-5 աղբյուր է օգտագործում, բնականաբար օրիգինալ միտքը տվյալ աշխատանքում համարյա թե բացակայում է։
3․ Հետազոտողը, պահպանելով հիմնական միտքը, թաքցնում է գրագողությունը մեկ նախադասության մեջ մի քանի հեղինակների մտքեր ներառելով։ Եթե սա արվում է առանց տվյալ հեղինակների աշխատանքներին հղումներ տալու, ապա նույնպես գործ ունենք գրագողության հետ։ Սովորաբար այս տեսակի գրագողությանը ուսանողները դիմում են հակապլագիատ ծրագրերին խաբելու նպատակով, սակայն ներկայումս այդ ծրագրերից շատերը արդեն հեշտությամբ նաև կարողանում են զանազանել այս տեսակի անբարեվարքությունը։
4․Հեղինակը պահպանում է միտքը, բայց փոխում է բանալի բառերը կամ վերաձևակերպում է նախադասությունները։ Պլագիարիզմի ամենատարածված տեսակներից է։ Նախադասությունների վերաձևակերպելը նորմալ և տարածված պրակտիկա է, եթե աշխատանքում համապատասխանաբար նշվում է նաև սկզբնաղբյուրը, սակայն վերաձևակերպումը առանց հղման միանաշանակ գրագողության դեպք է։
5․ Հեղինակը ձևափոխում է ողջ աշխատանքը։ Այս դեպքում հետազոտողը վերցնում է մեկ այլ հեղինակի աշխատանք և ամբողջությամբ վերափոխում է՝ ոչ մի տեղ չնշելով սկզբնաղբյուրը։ Իրականում այս գրագողության տեսակը բավականին աշխատատար է և կարող է նույնիսկ ավելի շատ ժամանակ պահանջել, քան հետազոտությունը բարեխղճորեն կատարելու դեպքում։
6․ Հեղինակը արտագրում է իր սեփական աշխատանքը։ Այո! Սեփական աշխատանքը առանց հղումների օգտագործելը նույնպես համարվում է գրագողություն։ Սա իհարկե վերաբերվում է այն դեպքերին, եթե հետազոտության մեջ օգտագործվում է նախկինում արդեն իսկ հրապարակված աշխատանք։ Այսպիսի գրագողության դեպք է օրինակ բակալավրի ավարտական աշխատանքը սեփական մագիստրոսական թեզում առանց հղման օգտագործելը։