Առաջնորդումը ղեկավարի կողմից աշխատողներին ուղղորդելու և մոտիվացնելու գործընթացն է՝ կազմակերպության նպատականերին հասնելու համար: Տարբերում են առաջնորդման հետևյալ ոճերը․
Միահեծան (Ավտորիտար)։ Առաջնորդման այս ոճը դասական ոճն է։ Այս դեպքում ղեկավարը ունի իշխանություն և որոշում կայացնելու լիազորություններ։ Որոշումները կայացնում է ինքնուրույն, չի քննարկում ենթակաների հետ, ինչպես նաև թելադրում է աշխատանքի մեթոդները։Հանձնարարությունները տրվում են միակողմանի, որոնք ենթակաները կատարում են առանց լրացուցիչ հարցերի և հետադարձ կապի։
Ե՞րբ է կիրառելի այս մեթոդը։ Նպատակահարմար է կիրառել այն դեպքերում, երբ ժամանակը սուղ է և անհրաժեշտ է արագ կողմնորոշում, ինչպես նաև այնպիսի դեպքերում, երբ միայն ղեկավարն է տիրապետում իրավիճակին և դրան վերաբերող ողջ տեղեկատվությանը։
Ժողովրդավար (դեմոկրատ)։ Առաջնորդման այս ոճը մասնակցային առաջնորդման տեսակ է, որի ժամանակ ղեկավարը աշխատողներին մասնակից է դարձնում որոշումների կայացման պրոցեսին։ Ինչպես տեսնում եք ժողովրդավար առաջնորդման մեջ հիմնական գործոնը մասնակցայնությունն է։ Ըստ Ջոն Գաստիլի, ժողովրդավար առաջնորդումը հետևյալ երեք գործառույթների կատարումն է․
- մասնակիցների միջև պատասխանատվության բաշխում
- խմբի անդամներին լիազորում
- օժանդակում խմբի որոշումների կայացման պրոցեսին
Այսպիսի առաջնորդման դեպքում աշխատողներն են որոշում իրենց աշխատելաոճը և հետևաբար ավելի մոտիվացված են և ստեղծագործ։
Ե՞րբ է կիրառելի այս մեթոդը։ Հարմար է այն գործունեության տեսակների համար, որտեղ աշխատողները ունեն ճկունություն և լավ են տիրապետում իրենց աշխատանքին։
Ազատ ոճի առաջնորդում։ Այս դեպքում ղեկավարի կողմից ուղղորդումները քիչ են և աշխատողներին տված է իրենց աշխատանքի մեջ որոշումներ կայացնելու ազատություն։
Չնայած ժողովրդավար և ազատ ոճի առաջնորդման տեսակների միջև կան նմանություններ, սակայն իրականում դրանք իրարից տարբերում են։ Ազատ ոճի առաջնորդները իրենց ենթականերին թույլ են տալիս ինքնուրույն որոշել, թե ինչպես իրականացնել հանձնարարությունները, բայց ոչ կայացնել կազմակերպությանը վերաբերող ընդհանուր որոշումներ։ Այսինքն աշխատողները որոշում են իրենց աշխատելաոճը։ Ժողովրդավար ոճի դեպքում, աշխատողները մասնակցում են նաև որոշումների կայացմանը։
Ե՞րբ է կիրառելի այս մեթոդը։ Այս մեթոդը կիրառելի է բիզնեսի այն տեսակների դեպքում, երբ աշխատողների որակավորումը շատ բարձր է տվյալ ոլորտում և ի վիճակի են առանց ուղղորդման իրականացնել իրենց աշխատանքը։