Ապրանքի կամ ծառայության առաջարկը այդ ապրանքի կամ ծառայության այն քանակն է, որը արտադրողները պատրաստ են ժամանակի տվյալ պահին առաջարկել շուկայում։ Ենթադրենք երկրում ցորենը առաջարկվում է 3 տնտեսվարող սուբյեկտների կողմից։ Ա-ն առաջարկում է 1000 տ․ ցորեն, Բ-ն առաջարկում է 1500 տ․ ցորեն և Գ-ն առաջարկում է 500 տ․ ցորեն։ Ցորենի առաջարկը շուկայում հավասարկ կլինի 1000+1500+500= 3000 տ․։
Առաջարկը նույնպես կարելի է ներկայացնել աղյուսակի տեսքով․
Ցորենի գինը շուկայում (դրամ) | Ցորենի առաջարկը շուկայում (տոննա) |
0 դրամ | 0 տոննա |
50 դրամ | 500 տոննա |
100 դրամ | 1000 տոննա |
150 դրամ | 1500 տոննա |
200 դրամ | 2000 տոննա |
250 դրամ | 2500 տոննա |
Այս աղյուսակը ցույց է տալիս, թե գների յուրաքանչյուր մակարդակի դեպքում արտադրողները որքան ցորեն են պատրաստ առաջարկել շուկայում։ Ելնելով աղյուսակի տվյալներից՝ առաջարկը նույնպես կարող ենք արտահայտել գրաֆիկորեն։ Ստորև ներկայացվող գծապատկերը ցույց է տալիս արտադրանքի այն քանակները, որոնք արտադրողները պատրաստ են շուկա հանել գների տարբեր մակարդակների դեպքում։
Ինչպես պարզ է դառնում գծապատկերից, գնի և առաջարկի միջև գոյություն ունի ուղիղ համեմատական կապ։ Երբ որևէ ապրանքի գինը բարձրանում է, այլ հավասար պայմաններում, առաջարկվող ապրանքների քանակը նույնպես աճում է։
Շուկայական առաջարկը տվյալ ապրանքի անհատական առաջարկների հանրագումարն է և անհատական առաջարկների կորերի միջոցով կարելի է ստանալ շուկայական առաջարկի կորը։