Արտաքին և ներքին միջավայրի գնահատումից հետո, կազմակերպությունը կատարում է իր երկարաժամկետ նպատակների առաջադրում, որից հետո որոշում է, թե ինչ ռազմավարությամբ պետք է առաջ շարժվի։ Ընդհանուր առմամբ ռազմավարությունները կարելի է բաժանել հետևյալ 4 խմբերի․
1․ Ինտեգրման ռազմավարություն
Ինտեգրման ռազմավարությունների մեջ մտնում են ուղղահայաց ինտեգրումը և հորիզոնական ինտեգրումը։ Ուղղահայաց ինտեգրման դեպքում կազմակերպությունը վերահսկողություն է ձեռք բերում ապրանքի արտադրության բոլոր փուլերի նկատմամբ։ Ուղղահայաց ինտեգրումը կարող է լինել առաջ ինտեգրում և հետ ինտեգրում։ Առաջ ինտեգրման դեպքում կազմակերպությունը վերահսկողություն է ձեռք բերում արտադրանքի դիստրիբյուտորների և մանրածախ վաճառքի նկատմամբ։ Հետ-ինտեգրման դեպքում կազմակերպությունը վերահսկողություն է ձեռք բերում մատակարարների նկատմամբ։ Հորիզոնական ինտեգրման ժամանակ կազմակերպությունը վերահսկողություն է ձեռք բերում մրցակիցների նկատմամբ։
2․ Ինտենսիվ ռազմավարություն
Ինտենսիվ ռազմավարությունները իրականացնում են շուկայի մասնաբաժնի մեծացման, շուկայի զարգացման և պրոդուկտի զարգացման ճանապարհով։ Շուկայի մասնաբաժնի մեծացման ժամանակ կազմակերպությունը փորձ է անում մեծացնել շուկայում իր մասնաբաժինը՝ մարքեթինգային ջանքերը մեծացնելու ճանապարհով։ Այս դեպքում կազմակերպությունը շարունակում է գործել այն շուկայում, որտեղ աշխատել է և շարունակում է պահպանել իր տեսականին։ Շուկայի զարգացման ժամանակ կազմակերպությունը ընթացիկ արտադրանքներով և ծառայություններով մուտք է գործում աշխարհագրորեն նոր շուկա։ Պրոդուկտի զարգացման դեպքում կազմակերպությունը բարելավում է առկա արտադրանքը կամ զարգացնում է նոր արտադրատեսակներ։
3. Դիվերսիֆիկացիոն ռազմավարություն
Դիվերսիֆիկացիան կարող է լինել հարակից դիվերսիֆիկացիա, որի դեպքում կազմակերպությունը նոր, բայց նմանատիպ արտադրատեսակներ է թողարկում և ոչ հարակից դիվերսիֆիկացիա, որի դեպքում կազմակերպությունը սկում է թողարկել բոլորովին նոր, նախկին արտադրատեսակներին ոչ նման արտադրատեսակներ։
4․ Պաշտպանողական ռազմավարություն
Պաշտպանողական ռազմավարությունը կազմակերպությունը իրականացնում է կրճատման, զիգման և լուծարման ճանապարհով։ Կրճատման դեպքում կազմակերպությունը ծախսերի և ակտիվների կրճատման ճանապարհով վերախմբավորումներ է անում։ Զիջման ժամանակ վաճառվում է կազմակերպության որևէ մաս կամ ստորաբաժանում, իսկ լուծարման դեպքում կազմակերպությունը մաս-մաս վաճառում է իր բոլոր ակտիվները։