Մեր ժամանակներում մարդկանց հիմնական նպատակներից մեկը ոչ միայն աշխատանքի միջոցով գումար աշխատելն է, այլև ինքնաարտահայտվելն ու ձեռք բերված մասնագիտական հմտությունները կիրառելն է: Միաժամանակ անհրաժեշտ է որպեսզի ստացած գիտելիքները համահունչ լինեն աշխատաշուկայի պահանջներին: Բայց արդյո՞ք ներկայումս ստեղծված են այնպիսի հնարավորություններ, որոնք իսկապես կօգնեն ձեռք բերված գիտելիքների միջոցով հասնել այդ արդյունքներին: Մարդիկ գնահատում են կրթության դերը, սակայն այն չեն կարողանում ծառայեցնել սեփական նպատակներին ու դրանով նվազում է նաև կրթություն ստանալու մոտիվացիան։ Շատ դեպքերում աշխատանք գտնելու հարցում առաջնահերթություն են ստանում այլ որակներ ու սա չի նշանակում, որ անտեսվում են մասնագիտական հմտությունները։ Կարծես թե աշխատաշուկան առաջարկում է նոր մարտահրավերներ, որոնք դեռ քիչ են ուսումնասիրված։
Աշխատաշուկայի մարտահրավերները
Աշխատանքի շուկան անընդհատ փոփոխվում է, մասնագիտությունները կորցնում են իրենց արդիականությունը և կամ հակառակը՝ ավելացնում որոշակի հմտություններ ունենալու պահանջներ։ Եթե ուսումնասիրենք բոլոր սոցիալական հարթակները, որտեղ աշխատանքի հայտարարություններ են տեղադրվում, ապա կտեսնենք, որ հաստիքների համար պահանջվող որակավորումների ցանկում կարևորություն ձեռք բերած մի շարք հմտություններ որևէ կրթության անհրաժեշտություն չեն պահանջում։ Երբեմն էլ այս ամենի հետ մեկտեղ միևնույն է չի հաջողվում գտնել փորձին համարժեք աշխատանք և կամ անհամապատասխանություն է ստեղծվում կատարած աշխատանքի և ստացած վարձատրության միջև։
Շատ կազմակերպություններ չեն նշում աշխատավարձի չափը կամ միայն սահմանափակ տեղեկություններ են տալիս, իսկ հարցազրույցները երբեմն կազմակերպվում են առանց ՄՌԿ մասնագետների՝ միայն կազմակերպության ղեկավարի կողմից։ Հաճախ հաստիքի գործունեության մասին տրվում է ոչ լիարժեք ինֆորմիացիա, որն էլ առաջացնում է դիմորդի հետաքրքրության և իրականում առկա պատկերի հակասություն։ Երբեմն էլ անձը ինքը չի կարողանում իրեն ներկայացնել իր ունեցած փորձին կամ գիտելիքներին համապատասխան և կամ գտնել հաղորդակցման արդյունավետ ուղիներ, որոնք ոչ մի կրթական հաստատություննում չեն սովորեցնում։
Մասնագիտական և անձնային աճի կարևորությունը
Մեծամասնությամբ կազմակերպությունները խոստանում են մասնագիտական ու անձնային աճի հնարավորություններ՝ ներառելով թիմային աշխատանքներ կամ ուսումնական ծրագրեր, որոնք ենթադրում են որակավորման բարձրացում։
Եթե կազմակերպությունը պատրաստ է տրամադրել ժամանակ և միջոցներ աշխատակցի ինքնակրթության համար, ապա դա կարող է ավելի բարձրացնել երկու կողմերի գործունեության արդյունավետությունը։ Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք ստեղծված պայմաններն իսկապես բավարար են, որպեսզի մարդը հասնի իր նպատակներին՝ իր մասնագիտական զարգացման և անձնական նպատակների իրականացման հարցում։ Երբեմն կազմակերպությունները անտեսում կամ սահմանափակ միջոցներ են տրամադրում աշխատակիցներին խրախուսելու համար՝ պատճառաբանելով, որ ներքին մշակույթն է այդպիսին կամ ուղղակի հաշվի չեն առնում նաև անձնային աճի դերը և ազդեցությունը աշխատանքի որակի վրա։ Կարևոր է որ աշխատակիցը ևս նշի ինչպիսի գիտելիքների և հմտությունների զարգացման կարիք ունի, այսինքն այստեղ կատարվում է սեփական գիտելիքների վերագնահատում։
Հնարավոր լուծումներ և առաջարկներ
Շատ կազմակերպություններ աշխատակիցներին հետ փոխանակվելով հնարավոր աճի և բացթողումների մասին ինֆորմացիայով հնարավորություն կտան հասնելու երկկողմանի արդյունքների։ Եթե աշխատակիցը հետաքրքրված է կազմակերպությունում առկա որևէ մասնագիտությամբ և իր ունակությունները թույլ են տալիս նման գործունեություն ծավալել, ապա կազմակերպության կողմից այս խրախուսումը ևս նոր ազդակ կարող է հանդիսանալ ինքնազարգանալու և պահանջված մասնագետ դառնալու համար։
Հոդվածը պատրաստեց Երևանի պետական համալսարանի Հանրային կառավարում բաժնի շրջանավարտ Հայկուհի Մազմանյանը, 26 տարեկան