Մեր շուրջ քիչ տոկոս են կազմում այն մարդիկ,որոնք իրականությունը վերլուծում են քննադատորեն՝ առաջ դնելով փաստերը,ապացույցները։ Հիմնականում իրականությունը քննվում է զգայական մակարդակում՝ հաշվի առնելով զգացմունքները,հույզերը։
Մեր իրականության մեջ հաճախ լուծումները թեքվում են դեպի ավանդույթներ կամ այն, ինչ ավանդական է։
Այս հոդվածի նպատակն է հայ երիտասարդի համար առավել կարևոր կերպով ներկայացնել քննադատական մտածողությունը, քանի որ Հայ երիտասարդի համար անալիտիկ մտածողությունը կարևոր է տեղեկատվական աշխարհում, հատկապես, երբ գործ ունենք կարծիքների, ճշմարտանման ստերի, բազմաթիվ ընտրությունների հետ։ Հոդվածում բերված ոլորտները ներկայացնում են խնդիրը, իսկ բերված ոլորտների մարտահրավերները էլ ավելի էական են հայ իրականության մեջ։
Վերլուծական մտածողությունը բարդ տեղեկատվության քայքայման, դրա բաղադրիչների ուսումնասիրման և նրանց միջև կապերի ըմբռնման գործընթացն է: Այս հմտությունը թույլ է տալիս անհատներին գնահատել ապացույցները, բացահայտել օրինաչափությունները և կայացնել տեղեկացված որոշումներ: Հայաստանում,ինչպես տեսնում ենք, այս գործընթացը բացակայում և կամ էլ սխալ մոտեցումներ է ունենում, և դա է պատճառը, որ հայ երիտասարդը տեղեկատվության բարդ խճուղիների մեջ անընդատ բախվում է մարտահրավերների, և չի կարողանում ճիշտ որոշումներ կայացնել իր կյանքի և հասարակության համար։ Ստորև կներկայացնեմ ոլորտներ,որտեղ մասնավորվում է այս խնդիրը և առավել անհրաժեշտ դրսևորման կարիք է ունենում։
- Հայկական շատ դպրոցներում և նաև բուհերում շեշտը դեռևս դրվում է ոչ թե քննադատական կամ վերլուծական մտածողության խթանման վրա, այլ անգիր սովորելու : Թեև այս մոտեցումը ապահովում է գիտելիքների պահպանում ( կարծում եմ՝ կարճաժամկետ), բայց չի խրախուսվում տալ ամենակարևոր հարցը՝ ինչու՞։ Աշակերտները և ուսանողները սովորում են արդեն գրված դասերը որպես դոգմա, օրենք, առանց կասկածելու, երկբայելու, հարցականի տակ դնելու, իսկ փոփոխվող աշխարհում՝ անընդհատ զարգացող գիտական-տեխնիկական ոլորտներում, փոփոխությունները և դրա հիմքով դոգմատիկ սահմանումները տրոհելու գործընթացը անխուսափելի է։ Հետո իսկ այդ օրվա անգիր արված դասը փոխարինվում է դիլեմաներով,որտեղ այդ երիտասարդները, անշուշտ, «կաղում են»։
- Հայաստանը պատերազմից հետո էլ ավելի դժվար էտապներով է անցնում և շարունակում է «լողալ» քաղաքական և սոցիալական փոփոխությունների մեջ։ Ուստի էական է երիտասարդի համար քննադատել ստացված նորությունները, քաղաքական շարժը, ոչ թե ստացված նյութը կուրորեն ընդունել և բացարձակ ճշմարտություն համարել։ Այս ոլորտում անալիտիկ մտածողություն կնպաստի իրազեկ քաղաքացի ունենալու (կնպաստի ժողովրդավարության պահպանմանը),որը մեր երկրում լավորակ շխանություն ունենալուն հավասար կարևոր երևույթ է։
- Վերջին շրջանում անընդհատ խոսվում է մեդիայում մեդիագրագետ լինելու մասին։
Երիտասարդները ստանում են ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, կողմնակալ կարծիքներ։Ուստի կարևոր է ունենալ համապատասխան գիտելիքներ,որոնք ենթադրում են վերլուծում՝ ինֆորմացիայի բաղադրիչների մասնատում,ուսումնասիրություն,սթափ գնահատում։ Իրենք էլ, լինելով տեղեկացված, կլինեն հավաստի,վստահելի ինֆորմացիայի հաղորդիչ՝ մեդիա։ - Եվ վերջապես երիտասարդի ամենօրյա խնդիրների լուծման մեջ էական է քննադատական մտածողությունը ։Ամենամանր խնդիրների լուծումից մինչև ընտանեկան խնդիրներ պահանջում են առողջ վերլուծում և որոշման կայացում։ Մեր շուրջը կատարվում են դեպքեր, որոնց լուծումը չի ունենում բանական բնույթ։ Հաճախ լուծումը լինում է ավանդական կամ էլ հիմնվում է անհատի անառողջ մտածելակերպի վրա։
Հնարավոր լուծումների առաջարկներ
Կրթական բարեփոխումներ.Կրթությունը վերլուծական մտածողության ստեղծման գործընթացի հիմքն է։ Կրթական համակարգում պիտի բացառվի գիտելիքի անգիր անելու գործընթացը,փոխարենը պիտի խրախուսվեն կասկածելու,հարց տալու,հասկանալով սովորելու գործընթացները։
1. Պետք է ընդգրկել բանավիճելու արվեստը։ Կրթական համակարգում բանավեճը պիտի լինի դասընթացի պարտադիր մաս և կառուցողական բնույթ ունելով՝ կարող է նպաստել բերված խնդրի լուծմանը։
2.Այս պրոցեսում անհրաժեշտ է պատրաստել նորարար ուսուցիչներ, դասախոսներ, որոնք կմշակեն նոր մեթոդներ և պատրաստ կլինեն լսելու իրենց աշակերտների, ուսանողների հարցերը։
3. Սեմինարներ և ծրագրեր.
Կրթության մեջ՝ այս խնդրի լուծման գործընթացքում, ծրագրերը և սեմինարները պիտի բաժին ունենան երիտասարդներին գիտելիքներով զինելու համար։
Այսպիսով՝ քննադատական մտածությունը սոսկ գործընթաց չէ։ Իբրև կարևոր հմտություն՝ այն էական է հայ երիտասարդի համար՝ լուծելու իր անձնական,ընտանեկան և բազում ոլորտների՝ իր առջև ծառացած խնդիրները։ Խնդիրը, այսպես թե այնպես, պիտի լինեն, և միայն առողջ մտածողությամբ երիտասարդը կկարողանա խնդիրների ճիշտ պատասխանը գտնել, և վերջապես ունենալով մտածող երիտասարդ՝ ավելի լուսավոր կլինի ապագայի մասին մեր տեսլականը։
Հոդվածը պատրաստեց Վանաձորի պետական համալսարանի Հայոց լեզու և գրականություն ֆակուլտետի ուսանողուհի Դայանա Դալլաքյանը, 19 տարեկան