Պահանջարկի վրա ազդում են երկու տիպի գործոններ՝ գնային և ոչ գնային։ Պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոններն են․
1․ Սպառողների նախասիրությունների (ճաշակի) փոփոխությունները։ Հասարակության նախասիրությունները ժամանակի ընթացքում փոփոխության են ենթարկվում ՝ ազդելով շուկայական պահանջարկի վրա։ Օրինակ մոդայի ազդեցության տակ այս կամ այն ապրանքը կարող է ավելի շատ սպառվել։ Մեկ այլ օրինակ է բարոյապես մաշված ապրանքները, որոնք նորույթների շուկայում հայտնվելուց հետո սկսում են ավելի քիչ սպառվել։
2․Շուկայում գնորդների թիվը։ Շուկայում գնորդների թվի ավելացման դեպքում տարբեր ապրանքների նկատմամբ շուկայական պահանջարկը կավելանա և հակառակը։ Գնորդների թվի ավելացումը կարող է լինել տարբեր պատճառներով․ ծնելիության փոփոխություն, բնակչության կյանքի միջին տևողության փոփոխություն, ներգաղթ և արտագաղթ և այլն։
3․Սպառողների եկամուտների մակարդակը։ Բնակչության եկամուտը նույնպես ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխության է ենթարկվում՝ ազդելով շուկայական պահանջարկի վրա։ Այսպես, Ամանորին ընթառաջ Հայաստանում աճում են արտասահմանից դեպի Հայաստան ուղարկված գումարների (տրանֆերտների) ծավալը, որի շնորհիվ աճում է բնակչության եկամուտները, ինչն էլ մեծացնում է նաև պահանջարկը։ Բնակչության եկամուտները տարբեր են նաև տնտեսական ցիկլի տարբեր ժամանակահատվածներում։ Վերելքի փուլում դրան աճում են, իսկ անկման փուլում՝ նվազում՝ համապատասխանաբար ազդելով նաև պահանջարկի վրա։
4․ Փոխարինող կամ լրացնող ապրանքների գները։ Շուկայում փոխարինող ապրանքներից մեկի գնի փոփոխությունը անմիջականորեն ազդեցություն է ունենում մյուս ապրանքի պահանջարկի վրա։ Այսպես․ կարագի գնի բարձրացման դեպքում, ձեթի պահանջարկը նույնպես կբարձրանա, որովհետև մարդկանց մի մասը, ովքեր նախկինում կարագ էին սպառում, կսկսեն ձեթ գնել։ Նմանապես պահանջարկի վրա կարող է ազդել լրացնող ապրանքների գները։ Բենզինի գնի աճը կարող է հանգեցնել ավտոմեքենայի նկատմամբ պահանջարկի անկման։ Այստեղ գործում է հակադարձ կապ։
5․ Սպառողների սպասումները։ Պահանջարկի վրա կարող են ազդեցություն ունենալ նաև բնակչության ապագայի նկատմամբ կանխատեսումները և սպասումները։ Եթե ապագայում գների բարձրացում են կանխատեսում, մարդիկ, վախենալով որ ապագայում գնողունակ չեն լինի, սկսում են շատ ապրանքներ գնել ներկայում՝ մեծացնելով պահանջարկը։ Հակառակ պրոցեսը նույնպես լինում է, երբ մարդիկ, մտածելով որ ապրանքների գները կնվազեն, սպասում են՝ կրճատելով պահանջարկը։
Պահանջարկի ոչ գնային փոփոխությունները պահանջարկի կորը տեղափախում են աջ կամ ձախ: