Ավանդական ուսուցման դեպքում ուսանողներին նախ փոխանցվում է տեղեկատվությունը (դասախոսությունների տեսքով), այնուհետև տրվում են հանձնարարություններ և խնդիրներ։ Այս դեպքում ենթադրվում է, որ ուսանողներին ներկայացված տեսությունը թույլ կտա ուսանողներին հասկանալ և լուծել խնդիրները:
Սովորաբար ավանդական ուսուցման դեպքում դասընթացը բաղկացած է լինում դասախոսություններից և գործնական աշխատանքներից։ Դասախոսությունների ժամանակ դասախոսը ներկայացնում է նյութը, իսկ գործանական աշխատանքների ժամանակ ուսանողները լուծում են խնդիրները, քննարկում են կոնկրետ օրինակներ և այլն։
Դասախոսությունների մեթոդը արդյունավետ է կիրառել հետևյալ դեպքերում․
- դասընթացի վերաբերյալ գրականությունը սահմանափակ է, տեղեկատվական նյութերը հասանելի չեն, հասանելի տեղեկատվությունը հիմնականում օտարալեզու է և այլն
- դասընթացի նյութը առանց դասախոսի մեկնաբանության մատչելի չէ ուսանողների համար
- դասախոսը տեսական նյութի հետ մեկտեղ կիսվում է իր հարուստ պրակտիկ փորձով ու յուրահատուկ անցած ճանապարհով, որը այլ պարագայում հասանելի չէր լինի ուսանողների համար։
- դասընթացը տեղեկատվությամբ խիստ հագեցած է և մեծամասամբ տեսություն է պարունակում
Քանի, որ մինչ համացանցի ի հայտ գալը գրականությունը ուսանողների համար դժվար հասանելի էր, ապա առարկային քաջատեղյակ դասախոսի կողմից իրականացվող դասախոսությունները ավանդաբար համարվել են լավագույն մեթոդը։ Իհարկե, այս մեթոդը այսօր էլ դեռ արդիական է, սակայն այն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ
21-րդ դարի ուսանողը միայն ցանկանում է զոհաբերել իր թանկ ժամանակը, եթե լսարանում ստանալու է այնպիսի տեղեկատվություն, որը այլ կերպ հեշտությամբ չի կարողանալու ձեռք բերել։
Բացի ավանդական մեթոդից, այսօր հատկապես մենեջմենթի և տեղեկատվական համակարգերի մասնագիտություններում շատ կիրառելի է ուսուցման նախագծային մեթոդը։