Այսօրվա երիտասարդները բախվում են բազմաթիվ մարտահրավերների, որոնք անմիջականորեն ազդում են նրանց բարեկեցության և ապագայի վրա։ Երիտասարդությունը գտնվում է անցումային փուլում՝ ինքնուրույն կյանքի, կրթության, աշխատանքային և սոցիալական հարաբերությունների մեջ, և այնպիսի ծառայությունների բացակայությունը, որոնք կարող են աջակցել նրանց այս ճանապարհին, ավելացնում է այն դժվարությունները, որոնք երիտասարդներն իրենք են փորձում հաղթահարել։
Երիտասարդների զբաղվածությունը և մասնագիտական կողմնորոշումը դարձել են հասարակության առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը։ Շատ երիտասարդներ, ավարտելով ուսումը, դեռ չեն կարողանում գտնել աշխատանք կամ զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ինչը բացասական ազդեցություն է ունենում նրանց ապագայի համար: Աշխատանքի շուկան, հատկապես փոքր համայնքներում և գյուղական տարածքներում, շատ սահմանափակ հնարավորություններ է առաջարկում, և երիտասարդները ստիպված են պայքարել ոչ միայն հմտությունների բացակայության, այլև բարիքներին հասանելիության հետ։ Համայնքներում հաճախ բացակայում են այն ծրագրերը, որոնք կարող են աջակցել երիտասարդներին՝ ինքնավստահություն ձեռք բերելու և աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելու հարցում։ Տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների և անբավարար ծառայությունների պայմաններում երիտասարդները հաճախ կանգնում են ճեղքվածքների առջև՝ չգիտեն ինչ ճանապարհ ընտրել։
Այսօր աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև ճեղքվածք է գոյանում, ինչը մեծապես ազդում է երիտասարդների զբաղվածության վրա։ Բազմաթիվ երիտասարդներ ավարտում են բարձրագույն կրթությունը, սակայն չեն կարողանում գտնել իրենց կրթությանը համապատասխան աշխատանք, քանի որ հաճախ նրանց կողմից ստացված գիտելիքները չեն համապատասխանում շուկայի պահանջներին։ Համայնքներում հատկապես նկատելի է, որ երիտասարդները չունեն բավարար պրակտիկ փորձ, որը պետք է ձեռք բերեին կրթության ընթացքում։
Աշխատատեղերի բացակայությունը, հատկապես փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում, երիտասարդներին ստիպում է ծայրահեղ քայլերի՝ հաճախ ստիպված լինելով տեղափոխվել մեծ քաղաքներ, որտեղ մրցակցությունն ավելի ուժեղ է, իսկ աշխատատեղերը սահմանափակ: Այս իրավիճակը ստեղծում է ապագայի նկատմամբ անորոշություն՝ բացասաբար ազդելով երիտասարդների սոցիալական ու հոգեբանական վիճակի վրա։
Օրինակ, մի երիտասարդ, ով վերջերս ավարտել է համալսարանը, կանգնում է այն խնդրի առաջ, որ նրա բարձրագույն կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, և նա չի կարողանում գտնել աշխատանք՝ իր մասնագիտությանը համապատասխան։ Այս դեպքում, նա բախվում է այն հարցին, թե որն է հաջորդ քայլը՝ շարունակել զբաղվել մասնագիտությամբ, որը չի գտնում պահանջարկ, թե ընտրել այլ ոլորտ, որտեղ աշխատելիս պետք է ձեռք բերի լրացուցիչ հմտություններ։ Նա ապրում է փոքր քաղաքում, որտեղ ընդհանրապես ոչ մի աշխատանք չկա իր կրթությանը համապատասխան, իսկ մեծ քաղաքներում աշխատելու հնարավորությունները խիստ մրցակցային են։ Այսպես, երիտասարդը կանգնում է ընտրության առջև՝ շատ հարցերով, ինչպես նաև չի կարողանում դիմել համապատասխան ծառայություններին, որոնք կարող էին աջակցել իր մասնագիտական զարգացման հարցում։
Իսկ նման խնդիրների առկայությունն ավելի շատ է հանդիպում գյուղական համայնքներում, որտեղ ավելի քիչ են ուսուցման և աշխատանքային տեղերի հնարավորությունները։
Այնուամենայնիվ, աշխատանք գտնելու դժվարությունը չի կապված միայն կրթության կամ տեղակայման հետ, այլև մեծապես կախված է սոցիալական կապերի ու շրջապատի աջակցությունից։ Հաճախ երիտասարդները չեն գտնում իրենց սոցիալական ցանցերում այնպիսի կապեր, որոնք կարող են օգնել նրանց աշխատանքի տեղավորման հարցում։ Մասնագիտական պատրաստության ծրագրերի բացակայությունը ևս մեծացնում է այս խնդիրը, քանի որ երիտասարդներն ստիպված են պայքարելու ոչ միայն կրթության բացերի, այլև այնպիսի հիմնական հմտությունների պակասի դեմ, որոնք են թիմում աշխատելը, ժամանակի կառավարումը, կամային որոշումներ կայացնելը։ Այս ամենը դժվարացնում է նրանց գործնական մտքեր ձևավորելու հնարավորությունը և ակտիվ մասնակցությունը սոցիալ-տնտեսական գործընթացներին։
Հնարավոր լուծումներ և առաջարկներ
Այդ խնդիրները լուծելու համար կարևոր է ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք կկապեն կրթությունը և աշխատաշուկան՝ բարձրացնելով երիտասարդների մասնագիտական պատրաստվածությունը։ Նախագծերի ու ծրագրերի ներդրումը, որոնք ուղղված են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և անձնական զարգացմանը, կարող է շատ օգտակար լինել։ Քաղաքական ու հասարակական կազմակերպությունները պետք է ստեղծեն հավելյալ կրթական ծրագրեր, վարպետության դասեր ու գործնական դասընթացներ, որոնք կօգնեն երիտասարդներին հասկանալ իրենց մասնագիտական նախասիրությունները և զարգացնել համապատասխան հմտությունները։ Միաժամանակ, երիտասարդներին պետք է տրամադրվեն մենթորական ծառայություններ, որտեղ ավելի փորձառու մասնագետները կիսվեն իրենց գիտելիքներով և խորհուրդներով, ինչը կօգնի երիտասարդներին ճիշտ ուղղություն ընտրել և վստահություն ձեռք բերել իրենց ապագայի համար։ Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել համայնքային կենտրոնների ստեղծմանը, որոնք երիտասարդներին կտրամադրեն ոչ միայն տեղեկատվություն, այլև ապահով միջավայր՝ ինքնուրույնություն և առողջ սոցիալական կապեր ձևավորելու համար։
Հոդվածը պատրաստեց Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի
Սուսաննա Էլբակյանը, 20 տարեկան