Աղձք համայնքը հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեցող վայր է, սակայն ժամանակի ընթացքում դրա ակտիվ մշակութային կյանքը թուլացել է։ Մշակույթի տան գործունեության դադարը և միջոցառումների բացակայությունը բացասական ազդեցություն են թողել հատկապես երիտասարդների զբաղվածության վրա։
Խնդրի նկարագրություն
«Էն թվերն ուրիշ էին Անի ջան, ներկայացումներ էինք բեմադրում, պարի, երգի, երաժշտական գործիքների խմբակներ կային, քիչ-քիչ շենքը շարքից դուրս եկավ, խմբակները փակվեցին նաև հետաքրքրությունը կորավ, իսկ այսօր շենքը տեսնելիս լացս է գալիս»- պատմում է Աստղիկն, ով երկար տարիներ մշակույթի տան ակտիվ երիտասարդներից է եղել։ Մշակույթի տունը համայնքի ակտիվության կենտրոնն էր։ Այնտեղ պարբերաբար կազմակերպվում էին ներկայացումներ, համերգներ և այլ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացնում համայնքի երիտասարդների շրջանում։ Սակայն արդեն ավելի քան 10 տարի մշակույթի տունը դադարել է գործել։ Կառույցը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ միջոցառումների բացակայությունը երիտասարդների շրջանում առաջացնում է ձանձրույթ և ստեղծագործական պոտենցիալի կորստի զգացում։ Աստղիկը հիշում է, որ ամիսը ոնց էլ չլիներ մի անգամ ամբողջ գյուղը գալիս էիր ակումբ: Դա 70-90 ականներին էր, «հետո եկավ մատաղ սերունդը, շենքը դեռ կար, բայց չէր գործում այնքան ակտիվ, ինչպես մեր ժամանականերում։ Մեր թվերն ուրիշ էին»,- հիացմունքով պատմում է Աստղիկը ։
Այս խնդիրը սրում է նաև երիտասարդների գյուղից հեռանալու ցանկությունը։ Շատ աշակերտներ գնում են մարզկենտրոն երաժշտական դպրոցներ, պարի և այլ խմբակներին հաճախելու համար։ Դպրոցում որոշ ուսուցիչներ արտաժամյա պարապմունքներ են իրականացնում, բայց աշակերտներից շատերը գերադասում են դուրս գալ դպրոցի պատերից։
Լուծումների առաջարկներ
Խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել Աղձքի մշակույթի տունը՝ այն դարձնելով երիտասարդների համար հարմարավետ և հետաքրքիր վայր։ Կարելի է ստեղծել երիտասարդական կենտրոն, որտեղ նրանք հնարավորություն կունենան զբաղվել արվեստով, կազմակերպել միջոցառումներ, դասընթացներ և ստեղծագործական խմբակներ։
Մեկ այլ կարևոր քայլ է երիտասարդներին ներգրավել համայնքի զարգացման ծրագրերում։ Օրինակ՝ համայնքի ղեկավարությունը կարող է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ մշակութային միջոցառումներ կազմակերպելու և ֆինանսավորում ստանալու համար։
Ամփոփում
Աղձք համայնքի մշակույթի տան երկարատև անգործությունը բացասաբար է անդրադարձել երիտասարդների զբաղվածության վրա։ Մշակութային կենտրոնների վերականգնումը և երիտասարդության ակտիվ ներգրավումը համայնքի կյանքում կարող են վերականգնել ոչ միայն մշակութային կյանքը, այլև բարձրացնել երիտասարդների ինքնագնահատականը և կապը համայնքի հետ։
Հոդվածի հեղինակ՝ Անի Ավետիսյան, Եվրասիա միջազգային համալսարանի Լրագրության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի